Пятница, 29.03.2024, 09:16
Приветствую Вас Гость | RSS
Армения
Главная » 2009 » Октябрь » 12 » Եղիշե Չարենց [wikipedia]
17:02
Եղիշե Չարենց [wikipedia]
Եղիշե Չարենց (1897 - 1937) ծնվել է 1897, մարտ 1 (նոր տոմարով՝ մարտ 13), Կարսում - Ծնունդը՝ ըստ «Չափաբերական մատյանի»: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան:

Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա ևս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ «Հայրենիքս է Խանի Մակուն», «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»:

Հայրը պարսկահպատակ էր և զբաղվում էր առևտրով: Եղիշեից բացի ուներ ևս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն:

Սողոմոնյանների ընտանիքը 1883 թվականին Մակուից գաղթել է Կարին (Էրզրում), այնուհետև այնտեղից՝ Կարս: Չարենցի հայրը մահացել է 1918 թվականին, մայրը՝ 1932 թվականին:

Մինչև 1910 թվականը

1897, մարտի 13: Կարսում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյան-Մարգարյանցի (Աբգար աղա) ընտանիքում ծնվում է ապագա բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը:
1904 կամ 1905թ.: Սովորում է (հավանաբար) Ջ. Ջամբազյանի մասնավոր դպրոցում:
1906, հոկտեմբերի 15: Պաշտոնապես բացվում է Կարսի ռեալական ուսումնարանը:
1908-1912: Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում: Այստեղ է փոխադրվել քաղաքային ռուսական կամ հայկական ծխական դպրոցից: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է «Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն»: Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն: Այդ տարիների մասին Աշոտ Փալանջյանը իր «Դպրոցական տարիներին», հուշապատումում գրում է «Եղիշե Սողոմոնյանը դպրոցի առաջադեմ աշակերտներից էր: Պատմության, աշխարհագրության, ռուսաց և հատկապես հայոց լեզվի առարկաներից նա միշտ ստանում էր լավ գնահատականներ... Հայ հին ու նոր գրականության ասպարեզում գրեթե մրցող չուներ... Շատ էր սիրում ժողովրդական բանահյուսությունը»:
[խմբագրել]
1910-ական թվականներ

1910: Ռեալական ուսումնարանի աշակերտների ջանքերով հրատարակվում է «Գարուն» ալմանախը, որի մեջ տպագրվում է տարվա չորս եղանակներին նվիրված Չարենցի ոտանավորների շարքը:
1912, հուլիս: Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» բանաստեղծությունը: Հեղինակը դժգոհ էր, քանի որ խմբագիրը 40-50 տող բանաստեղծությունից թողել էր 8 տող:
1914: Կարսում, Շ. Կ. Սուրենյանի «Արևագալ» տպարանում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին: Ըստ Գևորգ Աբովի հուշերի Չարենցը գրքի տպագրման մասին ասել է. «Երեք երգը...» տպելու համար դեսից-դենից մի քիչ փող ձեռք գցեցի, թուղթ առա, տպարանի պայմանավորվեցի ու լույս տեսավ, չնչին տիրաժ ուներ... Մի մասը տվի մեր Կարսի գրախանութը, մի մասն ընկերներս ձեռքի վրա ծախեցին, մի մասն էլ ուղարկեցի ուրիշ քաղաքներ, ինչ եղավ` չիմացա»:

Եղիշե Չարենցին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Գրքի վրա արդեն գրված էր Չարենց գրական անունը: Ինքը Գուրգեն Մահարուն հետագայում պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանճյանի՝ բանաստեղծը Չարենց է վերամկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետևանքով:
1915, փետրվար: Կարսում գրում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: Լույս է տեսել նույն թվին, Թիֆլիսում:
1915 - Կարսում ավարտում է «Տեսիլաժամեր» շարքը:
1915, օգոստոս: Զինվորագրվում է հայ կամավորական 6-րդ գնդին, որը շուտով միավորվում է 7-րդ գնդին և վերակազմավորվում որպես 7-րդ գունդ: Հրամանատարը իշխան Հովսեփ Արղության Երկայնաբազուկն էր: Ըստ Գևորգ Աբովի հուշերի` այս կապակցությամբ Չարենցն ասել է. «Հայրս ինձանից բոլորովին ձեռք քաշեց, երբ առանց իրեն հարցնելու ֆրոնտ գնացի»:
1915, սեպտեմբերի 30: Կազմվել է ճակատ մեկնող հայ կամավորականների գնդի ցուցակը: 6-րդ գումարտակը Վանի շրջանում պատրաստվում է մարտերի և մինչև դեկտեմբեր ծավալել մարտական գործողություններ: Չարենցը մասնակցել է Թափառեզի, Սուլդուզի մարտերին:
1916: Պատերազմի սարսափների զգացողությամբ 1915-1916-ին գրեց «Դանթեական առասպել» պոեմը, որը 1916-ին լույս տեսավ Թիֆլիսում: Պոեմը տեղագրված է՝ «Տաճկաստան-Պարսկաստան, ռազմաճակատ»: Ուներ ձոն՝ «Միհրան Մարգարյան, Ստեփան Ղազարյան և Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան սրբազան մարտում Սրբազան և սիրուն Հայրենիքի համար»:
1916, սեպտեմբեր: Ընդունվում է Մոսկվայի Շանյավսկու համալսարան: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում գրում է, որ 2 տարի սովորել է Մոսկվայի ժողովրդ. (Շանյավսկոգո) համ.:
1916: Մոսկվայում գրում է «Վահագն» և «Աթիլլա» պոեմները, ավարտում է «Հրո երկիր» գրքից» շարքը:
1917, փետրվար - Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը: Ավարտում է «Ծիածանը» շարքը, որը լույս է տեսնում նույն թվին: Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս - Կարինե Քոթանճյանին»: Կարինե Քոթանճյանը իր հուշերում գրում է. «Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»: Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին: Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց: Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկոլ, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ: Մեծ էր Եղիշեի ուրախությունը: Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրապարակել «Ծիածանը»:
1917, մարտ: Գրում է «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը Մոսկվայում:

Եղիշե Չարենցի պատկերով ՀՀ թղթադրամ
1917 - Թիֆլիսի Գոլովինսկի պողոտայի վրա գտնվող «Մի բաժակ թեյ» թեյարան - սրճարանում Չարենցը տեսնում է Վահան Տերյանին, որը նրա գրական կուռքն էր: 1912-ին Կարսում գնել էր նրա «Բանաստեղծություններ» գիրքը: Տերյանին Չարենցը համարում էր «Մի ամբողջ կուլտուրա»: Ամբողջ կյանքում Տերյանի գրական ու մարդկային ներկայությունը ուղեկցել է նրան: Իր հերթին Տերյանը ևս ճանաչել է Չարենցին: 1919թ. դեպքերի մտաբերումով Ա. Կարինյանը գրում է, որ Տերյանը «… համենայն դեպս գտնում է, որ նորագույն բոլոր հայ բանաստեղծների շարքում ամենից տաղանդավորը Եղիշե Չարենցն է:

- Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ»:
1917: Ավարտում է «Հարդագողի ճամփորդներ» բալլադը, որ նվիրել է «սիրելի Վիվանին»:
1918, սկիզբ: Թուրքական հարձակումների ուժեղացման հետ, Աբգար աղայի ընտանիքը մշտապես բնակություն է հաստատում Մայկոպում: Նույն թվականին Չարենցն այցելել է ծնողներին և մասնակցել Հյուսիսային Կովկասի քաղաքական իրադարձություններին:
1918, փետրվար: Ավարտում է «Ազգային երազ» պոեմը:
1918, փետրվար-մարտ: Գրում է «Ողջակիզվող կրակ» շարքը «Իրիկունը» ենթաշարքի բանաստեղծությունները:
1918, հուլիս: Գրում է «Ողջակիզվող կրակ» շարքի «Վերադարձ» բանաստեղծությունը:
1918, հունիս-հուլիս: Գրում է «Սոմա» պոեմը, Ցարիցինի տակ:
1918: Հավանաբար հուլիսից հետո է գրում «Ամբոխները խելագարված» պոեմը:
1918, դեկտեմբեր- Թիֆլիսում լույս է տեսնում «Սոմա» պոեմը:
1919, սեպտեմբեր: Կարսը և նահանգը թուրքերից ազատագրվելուց հետո՝ նշանակվում է արել Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում:
1919, հոկտեմբերի 18: Հայաստանի գրական ընկերությունը Երևանում կազմակերպում է Չարենցի ստեղծագործության քննարկում: «Մի նոր բանաստեղծ» նյութով խորհրդարանի դահլիճում զեկուցում է հանրային կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը: Չարենցն այդ գրական միջոցառմանը ներկա չի եղել և այդ մասին տեղեկացել է մամուլից:
1919, դեկտեմբեր: Հեռանում է Բաշքյադիկլարից:
1919: Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» պոեմը:
1919-1920: Գրում է «Ողջակիզվող կրակ» շարքի «Առավոտ» ենթաշարքի բանաստեղծությունները:
[խմբագրել]
1920-ական թվականներ
1920, սկիզբ: Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության և արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: Ըստ Նիկոլ Աղբալյանի «Եղիշե Չարենցն ու ես» հուշի՝ «մի պաշտոն «անձնական քարտուղար»»: Նշանակման հրամանը ստորագրել է նախարար Նիկոլ Աղբալյանը: Այդ աշխատանքից իր դիմումի («Խնդիր») համաձայն ազատվել է նույն թվականի հունիսի 1-ին: Ազատման հրամաննն ստորագրել է նախարար Գ. Ղազարյանը:
1920, փետրվար: Գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր» (Գալանտ երգեր) շարքը, Երևանում` Արմենուհի Տիգրանյանին ընծայականով:
1920, մարտի 9-10: Գրում է «Նորից` Արմենուհի Տիգրանյանին» շարքը` ձեռագիրը նվիրելով բանաստեղծուհուն:
1920, մայիսի 1: Մասնակցում է բոլշևիկյան ցույցերին:
1920, մայիսի 16: Երևանում գրում է «Վահան Տերյանի հիշատակին» բանաստեղծությունը:
1920, մարտ - հունիս: Գրում է «Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ)» գիրքը, որի մեջ զետեղված էին «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» պոեմները: Լույս է տեսնում նույն թվին, Երևանում:
1920, կեսերին:Դաստիարակ-ուսուցիչ է Երևանի հիվանդ երեխաների ամերիկյան մանկատանը կից դպրոցի 3-րդ դասարանում:
1920, հուլիս: «Հայաստանի կոոպերացիա» պարբրականի 12-րդ համարում տպագրվում է նույն թվին Երևանում գրած «Մորս համար գազելը»:
1920, հոկտեմբերի 6: Երևանում գրում է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը` «Սիրելի Դավիթ Անանունին» ընծայականով:
1920, դեկտեմբերի 15: Աշխատում է որպես ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այդ պաշտոնում մնացել է մինչև 1921թ. հունիսը: Եղել է նաև լուսժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ:
1920 - Դիմել է ընդունվելու կոմունիստական կուսակցության շարքերը: Չարենցին տրվում է ՀԿ(բ)Կ 570 համարանիշի կուստոմսը՝ Աղասի Խանջյանի ստորագրությամբ: ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի որոշմամբ Չարենցը կուսակցությունից հեռացվել է 1926թ. սեպտեմբերի 7-ին՝ նախորդ օրը նրա նկատմամբ կալանավորման կանխարգել միջոց կիրառելուց հետո:
1920: Գրում է «Երգ ժողովրդի մասին» պոեմը:
1921, հունվարի 21: Երևանի և Էջմիածինի գավառների դպրոցական աշխատողների համագումարում հանդես է գալիս «Արվեստի բաժնի մասին» զեկուցումով:
1921, փետրվար 21- ապրիլ 4 - Ղամարլուի (Արտաշատ) ճակատում ծառայել է Յանիչևսկու գլխավորած զինվորական գործող ջոկատում՝ շարքային կարմիրբանակային, վերջում «Ազատամարտ» զրահագնացի քաղղեկ:
1921, մայիս-հունիս: Երևանում գրում է «ՈՒթնյակներ արևին» շարքը
1921, հունիս: Ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Ծնվել է Նախիջևանի Ազա գյուղում 1899թ., ավարտել Թիֆլիսի Գայանյան դպրոցը, գիմնազիա, իսկ 1921-1922-ին Չարենցի հետ մեկտեղ ուսանել Մոսկվայում: Նրան են նվիրված «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:
1921, հուլիս: Մեկնում է Մոսկվա` Արփենիկի հետ:
1921, օգոստոսի 3: Մոսկվայի Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանի հասարակական գիտությունների բաժանմունքի գրական - գեղարվեստական բաժնի ուսանող:
1921, աշուն: Մոսկվայում գրում է «Երկիր Նաիրի» վեպի առջին մասը` «Քաղաքը և բնակիչները», առաջին անգամ տպագրվել է 1922-ին:
1921, դեկտեմբեր: Մոսկվայում ավարտում է «Ամենապոեմը»:
1921: Ավարտում է «Տաղարան» շարքը «Արփիկին» ընծայականով: Շարքն ավարտվում է «Ես իմ անուշ Հայաստանի...» հանրահայտ բանաստեղծությամբ: Երևանում սկսել Մոսկվայում ավարտել է «Խաղաղության ռադիո» պոեմը:
1922, հունվարի 6: Մոսկվայում ավարտում է «Չարենց-Նամեն»:
1922, փետրվար-մայիս - Մոսկվայում Ալեքսանդր Մյասնիկյանի հանձնարարությամբ լույս են տեսնում «Երկերի ժողովածու»-ի Ա և Բ հատորները, որոնք ամփոփում են նրա տասնամյա ստեղծագործական վաստակը:
1922, հունիսի 2: Գործուղվում է Երևանի ժողովրդական համալսարան` ուսանողության շրջանում գրական-կուլտուրական աշխատանք կատարելու համար:
1922, հունիսի 14 - «Խորհրդային Հայաստան» օրաթերթում (թիվ 130) լույս է տեսնում Չարենցի, Ազատ Վշտունուև Գևորգ Աբովի ստորագրած «Երեքի» դեկլարացիան: Որպես նոր արվեստի պատգամախոսներ՝ նրանք պահանջում էին հայ գրականության արմատական բարեփոխում: Բոլոր ծայրահեղություններով հանդերձ՝ «Երեքը» խմբակցության գործունեությամբ Չարենցը Հայաստանում սկզբնավորեց բուռն գրական շարժում: «Երեքը» գոյատևեց մինչև օգոստոս:
1922, հունիս: «Խորհրդային Հայաստան» օրաթերթ 130, 135, 136 համարներում շարունակաբար լույս է տեսնում Չարենցի «Ինչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածը, որպես բացատրություն «Երեքի» դեկլարացիայի:
1922, հուլիսի 8: Երևանում լույս է տեսնում «Երեքը» գրական խմբակի բյուլետենը (թիվ 1):
1922, հուլիսի 20: Տեղի է ունենում «Երեքի» երկրորդ «Շեփորահանդեսը», որտեղ Վահան Տերյանի ստեղծագործությանը նվիրված զեկուցումով հանդես է գալիս Չարենցը:
1922, հուլիսի 23: Տեղի է ունենում, այս անգամ սովնարխոզի սրահում, «Երեքի» երրորդ «Շեփորահանդեսը:
1922, օգոստոսի 1-3: Գրում է «Ասպետական» ռապսոդիան, որը լույս է տեսնում «Նորք» հանդեսի 1923թ. 2-րդ գրքում:
1922, օգոստոսի 10-13: «Երեքն» իրենց ելույթներով հանդես է գալիս նաև Լենինականում:
1922, սեպտեմբեր: Մեկնում է Մոսկվա` ուսանելու:
1922, հոկտեմբերի 5: Գործուղվում է ուսանելու Մոսկվայի Բրյուսովի անվան բարձրագույն գրական - գեղարվեստական ինստիտուտում: Ուսումը երկար չի տևում:
1922, հոկտեմբերի 11: Ավարտում է «Երկիր Նաիրի» վեպի երկրորդ մասը` «Դեպի Նաիրի». առաջին անգամ տպագրվել է 1923-ին:
1922, դեկտեմբերի 1: Մոսկվայի «Մուրճ և մանգաղ» հրատարակչությանը կից հայկական բաժնի գրաքննիչ Վ. Տեր- Գրիգորյանը դիմում է ԽՍՀՄ գլավլիտի վարիչ Լեբեդեվ-Պոլյանսկուն և զեկուցում, որ Չարենցի Մոսկվայում տպագրված երկհատորյակն ունի «արդարարական - կղերական - նացիոնալիստական» բովանդակություն: ՀԿ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923թ. փետրվարի 22-ի նիստում Վ. Տեր-Գրիգորյանի արարքը որակվում է որպես զրպարտություն, անհիմն և ակնհայտորեն սադրիչ: Հարց է հարուցվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու և պատասխանատվության ենթարկելու մասին:
1922: Մոսկվայում լույս են տեսնում «Պոեզոզուռնա» ժողովածուն (հոկեմբերին) և «Ռոմանս անսեր» պոեմը:
1923, հունվարի 1: Մոսկվայում Չարենցը նամակ է գրում նույն քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժվող Հովհաննես Թումանյան, որում բարձր է գնահատում Թումանյանի վաստակը: Իր հերթին Թումանյանը ևս բարձր է գնահատել Չարենցին. «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ»:
1923, ապրիլի 3: «Խորհրդային Հայաստանի» 68-րդ համարում տպագրում է «Երկու աշխարհի սահմանագծում» հոդվածը նվիրված Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանը:
1923, ապրիլի 10 : Երևանում դասախոսել է «Ռուսական արդի պոեզիան» թեմայով:
1923: Երևանի ժողովրդական համալսարանի ուսանող: Թոշակառու ուսանողների ցուցակում նրա անունը 35-րդն է:
1923: Թիֆլիսում լույս է տեսնում «Կապկազ» թամաշան: Նկարիչ՝ Կարո Հալաբյան: Կ. Պոլսում` «Պոեմներ» ժողովածուն: Խմբագիր՝ Պողոս Մակինցյան:
1923 - «Նորք» հանդեսում (թիվ 3) տպագրվում է Մանուկ Աբեղյանի «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ» հոդվածը:

1924, մայիս - Ե. Չարենցի, Կ. Հալաբյանի և Մ. Մազմանյանի համագործաքցությամբ Մոսկվայում լույս է տեսնում «Standard» հանդեսի միակ համարը և Ա. Մյասնիկյանի հորդորով ոչնչացվում: Հանդեսը շարունակում և նոր պայմաններում փորձում էր իրականացնել «Երեքի» դեկլարացիայի հիմնադրույթները:

1924, 9 սեպտեմբեր - ՌԿ(բ)Կ անդրերկրկոմի քարտուղարության նիստում (քարտուղար՝ Մյասնիկյան) որոշվում է Չարենցին գործուղել արտասահման և հատկացնել անհրաժեշտ միջոցներ:

1924, 21 նոյեմբեր - Բաթումից մեկնում է արտասահմանյան շրջագայության: Լինում է Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: 1925թ. հուլիսի 31-ին արտասահմանից վերադառնում է Երևան: Ուղևորության ընթացքում գրել է «Լենինն ու Ալին» (Տրապիզոն), «Ստամբոլ» (Կ. Պոլիս), «Պոեմ հերոսական» (Հռոմ), «Կոմունարների պատը Փարիզում» (Բեռլին) պոեմները, «Դեպի Ստամբոլ» (Բաթում-Կ. Պոլիս), «Բելգիա - Լիեժ» (Փարիզ, Բեռլին) բանաստեղծությունները:

1924 - Մոսկվայում լույս է տեսնում «Կոմալմանախ» ժողովածուն:

1924 - Երևանում լույս է տեսնում «Մաճկալ Սաքոյի պատմությունը» պոեմը:

1924 - Չարենցի խմբագրությամբ Երևանում լույս է տեսնում «Կորչի՛ պատերազմը» գրական - գեղարվեստական ժողովածուն:

1924 - Վենետիկում լույս է տեսնում Սիմոն Հակոբյանի «Եղիշե Չարենց» մենագրությունը՝ առաջին լուրջ ուսումնասիրությունը Չարենցի ստեղծագործության մասին: Մինչ այդ մամուլում տպագրվել էին հոդվածներ և գրախոսություններ:

1925, 17 հուլիս - Արտասհամանում եղած ժամանակ ընտրվում է «Հոկտեմբեր» (այնուհետև վերանվանվել է «Նոյեմբեր») կազմակերպության պատվավոր նախագահ:

1925, 13 սեպտեմբեր - "Խորհրդային Հայաստան” օրաթերթում լույս է տեսնում Չարենցի գլխավորած «Նոյեմբեր» միության դեկլարացիան, որը բացի նրանից, ստորագրել էին նաև Գ. Մահարին, Մ. Արմենը, Վ. Նորենցը, Գ. Սարյանը, Ս. Տարոնցին և ուրիշներ: Սեպտեմբերի 27-ին Երևանում բացվում է «Նոյեմբեր» միության համահայաստանյան ժողովը, որը քննարկում է կազմակերպչական հարցեր: «Նոյեմբեր» միությունը 1925թ. նոյեմբերի 6-ին հրատարակում է «Նոյեմբեր» մեկօրյա թերթը, որի մեջ նյութեր ունի նաև Չարենցը: 1926թ. դեկտեմբերի 6-ին կուսակցական պարտադրանքով «Նոյեմբերը» միավորվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հետ՝ ստեղծվում է Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների միությունը:

1926 - Երևանում լույս է տեսնում «Երկիր Նաիրի» վեպը: Գրել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում: Գրելուն զուգընթաց տպագրել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925): 1926-ին «Երկիր Նաիրին» Մ. Շահինյանի առաջաբանով ռուսերեն լույս է տեսնում նաև Մոսկվայում (թարգմանիչ՝ Հակոբ Խաչատրյան):

1926, 5 սեպտեմբեր - Երևանում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիանա Այվազյանին, որին սիրահարված էր: Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ: Նոյեմբերի 9-ի դատական նիստում դատապարտվում է 8 տարվա ազատազրկման (խիստ մեկուսացումով): Նույն նիստում պատժաչափը մեղմացվում է՝ դարձվում է 3 տարի (առանց խիստ մեկուսացման և իրավունքների սահմանափակման): Պատիժը կրում է Երևանի բանտում՝ «Ուղղիչ տանը»: Այս ընթացքում կնոջ վիճակի վատացման և մահվան կապակցությամբ նրան տրվել է 7 օր արձակուրդ, իսկ դրանից հետո աննպատակահարմար է համարվել հոգեկան ծանր դրության մեջ նրան կալանքի տակ պահելը: 1927թ. հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել «հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը»:

1927, հունվարի 1-2-ի գիշեր - Արտաարգանդային հղիություն ախտորոշմամբ Երևանի 1-ին հիվանդանոցում վախճանվում է կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը: Չարենցը շատ ծանր է տարել կնոջ մահը: Նրա հիշատակին են նվիրված ձոնված «Էպիկական լուսաբաց» ժողովածուն, «Նավզիկե» պոեմը, այլ բանաստեղծություններ:

1927 - Թիֆլիսում լույս են տեսնում «Ռուբայաթ», «Ժողովածու պոեմների», «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» գրքերը:

1928, 1 հուլիս - Աշխատանքի է անցնում Հայպետհրատի գեղարվեստական ենթաբաժնում որպես վարիչ: 1930թ. հունիսի 1-ին կազմավորվում է գեղարվեստական բաժին, որի վարիչ է նշանակվում նա: 1934թ. ապրիլի 1-ին նշանակվում է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր և այդ պաշտոնից ազատվում է 1935-ի մարտի 8-ին: Նույն օրն էլ Հայաստանի գրողների միություն է դիմում «Հայտարարությամբ» և պահանջում իրեն ազատել միության շարքերից:

1928, նոյեմբեր-դեկտեմբեր - Գրում է «Խմբապետ Շավարշը (Մի հատված «Ապստամբություն» չափածո վեպի առաջին գլխից)» պոեմը: Լույս է տեսնում «Նոր ուղի» ամսագրում (1929, թիվ 1):

1928 - Կազմում է «Գրականության դասընթաց» դասագիրքը: 1928-1933 թթ. կազմել և լույս է ընծաել 14 անուն դպրոցական դասագիրք և քրեստոմատիա: Իսկ 1936-ին մասնակցել է հայոց լեզվի և գրականության ծրագրերի կազմման աշխատանքներին:

1929 - Մոսկվայում լույս է տեսնում «Չորս բալլադ» ժողովածուն:

1929 - Մոսկվայի քաղաքային 2-րդ հիվանդանոցում երիկամի վիրահատությունից հետո (քարի հեռացում) սկսում և մինչև կյանքի վերջը շարունակում է օգտագործել թմրադեղեր:
[խմբագրել]
1930-ական թվականներ

1930 - Երևանում լույս է տեսնում «Էպիքական լուսաբաց» ժողովածուն: Փետրվարի 2-ին գրողների տանը կազմակերպվում է գրքի քննարկումը: Զեկուցում է Հ. Գյուլիքեվխյանը:

1931, 19-21 փետրվար - Լուսժողկոմատի կազմակերպած պոեզիայի հարցերին նվիրված ասուլիսում դասախոսում է «Ներկա պրոլետարական գրականության հիմնական տենդենցները» նյութով:

1931, մարտ - Ներգրավվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի, իսկ նոյեմբերին՝ Անդրկովկասյան պրոլետարական գրողների վարչությունների կազմում:

1931, 3 օգոստոս - ՀԳՄ քարտուղարության որոշմամբ գրողները կցվում են արտադրական ձեռնարկությունների: Չարենցը կցվում է Երևանի ծխախոտի գործարանին:

1931, 29 սեպտեմբեր - Ամուսնանում է Իզաբելա Նիազովայի հետ (ծնվ. 1909թ.), որը Մոսկվայում ավարտել էր 7-ամյա դպրոց: Ծնողները Բաքու էին տեղափոխվել Շամախիից: Իզաբելայից Չարենցն ունենում է երկու դուստր՝ Արփիկ (1932թ.) և Անահիտ (1935թ.): Մահացել է 1969-ին Երևանում:

1932, 17 փետրվար - Դիմում է Կենտկոմ և առարկում այն որոշման դեմ, որով մի քանի գրողների, նաև իրեն, մեկ տարով ազատում են զբաղեցրած պաշտոնից, նյութապես ապահովում, որպեսզի նվիրվեն գրական աշխատանքի: Այդ կապակցությամբ գրում է. «Ես ինձ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է միանգամայն կտրվել պրակտիկ աշխատանքից և զբաղվել ստեղծագործությամբ: Պետհրատի աշխատանքը միակ պրակտիկ ասպարեզն է, որին կապված եմ ես,- ինձ համար մի չափազանց հետաքրքիր ասպարեզ, որի մեջ կատարած իմ աշխատանքը, կարծում եմ վնասակար չէ ոչ ինձ, ոչ էլ պետհրատի համար»:

1932, փետրվար - «Նոր ուղի» ամսագրում (թիվ 2) տպագրվում է Հարություն Մկրտչյանի (Քսպե) «Խորհրդային Հայաստանի պոեզիան» հոդվածը, որի մեջ Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուի կապակցությամբ օգտագործվել են «իդեոլոգիական սխալներ», «իդեալիստական երկվություն», «ծայրահեղ ինդիվիդուալիստ», «սուբյեկտիվ իդեալիստ», «Չարենցը սայթաքել է», «Մեր պոեզիան պետք է ընթանա տրամագծորեն հակառակ ուղիով» արտահայտությունները: Այս հոդվածի հեղինակին Չարենցը բազմիցս խարազանեց իր էպիգրամներում:

1932, մարտ - «Գրական թերթում» (թիվ 2) տպագրվում է Ն. Զարյանի «Բաց նամակ Եղիշե Չարենցին» նյութը, որի մեջ գրում է. ««Էպիքակակն լուսաբացում» … դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը: … Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը: … Քո նահանջի և լռության պատճառն այն է… որ դու… մասսաների հետ թույլ ես կապված…»:

1932, 23 ապրիլ - ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին»: Մայիսի 9-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմը ընդունում է համանման որոշում՝ «Հայաստանի գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին»: Չարենցն ընդգրկվում է ՀԳՄ-ի վերակառուցման նպատակով ստեղծված հանձնախմբի կազմում:

1932, 4 դեկտեմբեր - Չարենցի գրական գործունեության 20-ամյա հոբելյանը նշելու նպատակով գրողների միությունում ստեղծվում է հանձնաժողով՝ Բակունց, Մահարի, Արմեն, Ալազան, Դաբաղյան: Սակայն հոբելյանը չի նշվում: 20-ամյակի կապակցությամբ լույս է տեսնում «Երկեր» մեծադիր հատորը, որն իմի է բերում նրա լավագույն էջերը:

1932 - Երևանում լույս է տեսնում «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը՝ նվիրված գրականությանը, արվեստին, գիտությանը և ժողովրդական տնտեսությանը:: Գրքի պատասխանատու խմբագիրը Չարենցն էր: Տեխնիկական խմբագրությունն արել էին Չարենցը և Տ. Խաչվանքյանը, ձևավորել էր Հ. Կոջոյանը: Խմբագրության կազմում են Չարենցը, Բակունցը և Եղիա Չուբարը: Գրքում զետեղված է նաև Չարենցի կենսագրությունն ու «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» պոեմը:

1933, 21 ապրիլ - «Գրական թերթում» լույս է տեսնում Մ. Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» աղմկահարույց հոդվածը, որի մեջ ընդդեմ սոցիալիստական ռեալիզմի պաշտպանվում էր ազգային հատկանիշների խտացման դիրքորոշումը, որի կրողն էր Չարենցը: Արմենը գրում է, որ Չարենցի ուղին «շարունակ եղել է ազգային հատկանիշների կոնսոլիդացիայի ուղին իր երկերում…»: Նրա ստեղծագործությունն ընթացել է «ազգային ինքնորոշման ճանապարհով»:

1933, 14 նոյեմբեր - ՀԿ(բ)Կ Կենտկոմը Ա. Խանջյանի բացակայությամբ որոշում է ընդունում «Հայպետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին»: Ըստ այդմ որոշվում է՝ «2. Արգելել Չարենցի «Գիրք ճանապարհիի» հրապարակումը: 4. Հեռացնել Չարենցին պետհրատի գեղարվեստական սեկտորի վարիչի պաշտոնից...»: Նոյեմբերի 22-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն Խանջյանի ղեկավարությամբ վերանայում է Նոյեմբերի 14-ի որոշումը. «Վերականգնել ընկ. Չարենցին պետհրատում իր նախկին աշխատանքում, նշելով, որ նրա նկատմամբ հարուցված մեղադրանքը հանդիսանում է ոչ ճիշտ»: Սակայն աննպատակահարմար են գտնում «Գիրք ճանապարհիի» թողարկումը:

1933, 1 դեկտեմբեր - Հայ գրողների ընդանուր ժողովում զեկուցում է Վ. Կիրպոտինը, քննադատում է Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» հոդվածը և դատապարտում Չարենցի ու նրա համախոհների գրական դիրքորոշումը:

Նույն օրը Չարենցը զայրալից ու վրդովված նամակ է հղում Մ. Շահինյանին և խոսում այն ծանր կացության մասին, որի մեջ հայտնվել է ինքը «Գիրք ճանապարհին» արգելվելուց հետո: Տեղեկացնում է, որ համանման բովանդակության մի նամակ 2 օր առաջ օդային փոստով ուղարկել է Ստալինին:

1934, 7 ապրիլ - Դիմում է գրողների միության կազմկոմիտեին և ցանկություն հայտնում զեկուցելու հետևյալ նյութերով՝ 1. Խորհրդային գրականության լեզուն, նրա նվաճումները, թերությունները, զարգացման ներկա հեռանկարները, 2. Հետհոկտեմբերյան հայ պոեզիայի տաղաչափությունը և նրա զարգացման տենդենցները և հեռանկարները, 3. Ռուսական խորհրդային պոեզիան, նրա ձևական տենդենցներն ու հեռանկարները և ազդեցությունը հայ խորհրդային պոեզիայի վրա:

Հունիսի 28-ին բանախոսում է «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» նյութով:

1934, 6 մայիս - «Գիրք ճանապարհի» գրքի արգելքի պատճառով դիմում է «Հ.Խ.Գ.Մ. կազմկոմիտեին»՝ «Ելնելով այս հանգամանքից, խնդրում եմ մինչև իմ գրքի մասին դրական լուծում ստանալը համարել ինձ Խ. Գ. միությունից դուրս»:

1934, հուլիսի վերջ - Երևանում 5000 օրինակ տպաքանակով լույս է տեսնում «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Նկարիչ-ձևավորող՝ Հակոբ Կոջոյան: Գիրքը պետք է լույս տեսներ 1933-ին: Բայց այն դարձել էր բանսարկությունների առարկա և Կենտկոմի կարգադրությամբ կալանվել: Չարենցն ստիպված գրքից հանում է «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» պոեմը և դրա փոխարեն ավելացնում «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինները:

1934, 1-5 օգոստոս - Երևանի կուլտուրայի տանը հրավիրվում է Հայաստանի գրողների առաջին համագումարը: 7-րդ նիստում, օգոստոսի 5-ի երեկոյան ելույթ է ունենում Չարենցը: Նա ընտրվում է ՀԳՄ վարչության և ԽՍՀՄ գրողների համագումարի պատվիրակության կազմում:

1934, օգոստոսի սկիզբ - Երևանում Չարենցի թարգմանությամբ լույս է տեսնում Մ. Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» գիրքը, որը նախատեսված էր խորհրդային գրողների առաջին համագումարի պատգամավորներին նվիրելու համար:

1934, 17 օգոստոսի - 1 սեպտեմբեր - Տեղի է ունենում ԽՍՀՄ գրողների առաջին համագումարը: Օգոստոսի 29-ին, համագումարի 20-րդ նիստում ելույթ է ունենում Չարենցը: Նրա ելույթը ժամանակին տպագրվել է «Հանուն սինթետիկ արվեստի» վերնագրով:

1934 - Չարենցի խմբագրությամբ լույս է տեսնում Մ. Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածու» շքեղ հատորը:

1934 - Չարենցի խմբագրությամբ լույս են տեսնում Ջ. Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները» (թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ» (թարգմանիչ՝ Գևորգ Ասատուր) գրքերը: Խմբագրում է Շեքսպիրի «Արքա Լիրի» Հ. Մասեհյանի թարգմանությունը:

1934-ից - Մասնակցում է «Անթոլոգիա հայ պոեզիայի» գրքի ստեղծման աշխատանքներին: Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի և բրյուսովյան հրատարակության 20-ամյակի կապակցությամբ այս նոր գիրքը պիտի գար շարունակելու սկսված գործը: Գիրքը լինելու էր Բրյուսովի ժողովածուի լրացված ու վերափոխված հրատարակությունը, որի խմբագիրը պետք է լիներ Գորկին: Չարենցին հանձնարարվում է գրքի միջնադարյան և ժողովրդական պոեզիայի բաժնի աշխատանքների ղեկավարությունը: Սակայն նա գրքի ստեղծման աշխատանքներին բազմակողմանի մասնակցություն է բերում: «Անթոլոգիան» լույս է տեսնում 1940-ին, Մոսկվայում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:

1934, 30 դեկտեմբեր - Հանդիպում է Երևանի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ: Լեփ-լեցուն դահլիճում նրան դիմավորում են հոտնկայս և խանդավառ ծափերով: Նստելու տեղ չլինելու պատճառով հանդիսականների մի մասը խռնվում է միջանցքում: Ներածական խոսք է ասում Ս. Հարությունյանը, զեկուցում է Ռ. Զարյանը, ելույթ են ունենում Ս. Հակոբյանը և ԱՄՆ-ից ժամանած Պ. Սելյանը: Ասմունքով հանդես է գալիս Ա. Ոսկանյանը: Ելույթ է ունենում նաև Չարենցը, որին, մամուլի վկայությամբ, «դահլիճը դիմավորեց բուռն ու երկարատև ծափահարությամբ»:

1935, 9 հունվար - Որպես պատգամավոր մասնակցել է խորհուրդների 8-րդ համագումարին ևընտրվել է ՀԽՍՀ կենտգործկո

Просмотров: 3688 | Добавил: Armen | Рейтинг: 4.3/12
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Наш опрос
Армения и Турция откроют границы?
Всего ответов: 46
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Поиск
Календарь
«  Октябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz